Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով կողմերի միջև տեղի են ունենում քննարկումներ, որոնց կարող են բախվել մեր հայրենակիցները Ռուսաստանում: Կողմերի աշխատակազմերից նշանակված են պատասխանատու ներկայացուցիչների այդ բոլոր հարցերի առնչությամբ:
Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպանության հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում քաղաքացիների բարձրացրած խնդիրները քննարկվել են հանդիպմանը: Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարևոր է դեսպանության հետ նման սկզբունքներով իրականացվող աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարևորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբեր դիմում են իրենց։
Օրակարգում եղել են հարցեր, որոնք վերաբերում են ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածի հաշվարկմանը միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը, ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառությանը և այլն: Քննարկվել են նաև մամուլում առկա տեղեկությունները կապված Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու հետ։Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների համագործակցության արդյունքում առաջին անգամ տեղի է ունեցել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ընդունելություն, որոնք իրենց խնդիրները բարձրացրել էին դիմելով ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին։
Համագործակցության արդյունքում մի քաղաքացու նկատմամբ վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը և առաջիկայում կկարողանա միավորվել Ռուսաստանում ապրող ընտանիքին։ Մյուս թեմաներով ձեռք եր բերվել կոնկրետ պայմանավորվածություններ քաղաքացիների խնդիրներն արագ լուծում տալու նպատակով։
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել Հայաստանի քաղաքացիների կամ ազգությամբ հայերի աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը։
Կողմերը հանդիպման ավարտին քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։