Հայաստանը կարող է Եվրոպական Միության համար լավ հարթակ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու և գործարար կապեր հաստատելու, ոլորտային համագործակցությունը խթանելու համար: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Անդամակցությունը Եվրասիական տնտեսակակն միությանը մենք դիտարկում ենք որպես հնարավորություն օտաերկրյա, մասնավորապես, նաև եվրոպական բիզնեսը Հայաստանում ներգրավելու համար, քանի որ անդամակցությունը ԵՏՄ-ին բերում է դեպի այդ միության անդամ երկրների շուկա մուտք գործելու ավելի ընդլայնված հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքոնյանը:
Փոխնախարարպ խոսքով' Հայաստանը, ունենալով առավել ազատական գործարար միջավայր, ներդրումների ապահովության համար առավել կատարելագործված իրավական դաշտ, կարող է լավ հարթակ հանդիսանալ համագործակցության զարգացման, Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու, գործարար կապեր հաստատելու և ընդհանրապես ոլորտային համագործակցությունը խթանելու առումով: