Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-հավաքական Արևմուտք պատերազմի ընթացքում Ռուսաստանի դիրքերի թուլացման տեսակետից ամենագործնական քայլերից մեկը համարվում էր Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը, ինչից Ռուսաստանը ամեն գնով խուսափում էր: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ իր գրառումը վերնագրելով. «Նոր ճակատ Ռուսաստանի համար»:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի հետևողական սադրիչ քայլերի արդյունքում երեկ Իրանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելը կարող է ԱՄՆ-ի ու հավաքական արևմուտքի համար դառնալ նոր՝ երկրորդ ճակատ՝ սրանց համար նվազեցնելով ուկրաինական ճակատի կարևորությունը ու այդտեղ մեծացնելով Ռուսաստանի հնարավորությունները:
Իրանի հակառակորդներն Իրանա-Իսրայելական ռազմական հակամարտությունն առաջին հերթին դիտում են որպես Իրանում իշխանափոխություն իրականացնելու, երկիրը Ռուսաստանի ու Չինաստանի դաշինքից պոկելու միջոց ու հազիվ թե համաձայնվեն ռազմական հակամարտությունը շուտափույթ ավարտելու Իրանի առաջարկներին:
Իր դաշնակցի Իրանի քաղաքական կողմնորոշման բռնի փոփոխությունը բացարձակապես անընդունելի պիտի լինեն Ռուսաստանի համար արդեն իսկ այն պատճառով, որ վերացնում է Ռուսաստանն Իրանի միջոցով Հնդկական օվկիանոսին կապող հյուսիս-հարավ միջանցքի իրականացման հնարավորությունը»: