Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան Կովկասում անելիք չունի, Ադրբեջանը միջազգային ահաբեկչության շեմին է։
Ինչպես տեղեկացրին Եվրոպայի հայերի համագումարից, հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի բռնատիրական իշխանությունները Հայաստանի դեմ արդեն քանիերորդ օրն է ինչ շարունակում են իրենց ռազմական ագրեսիան:
Նրանք անկարող լինելով կոտրելու հայկական կողմի անկոտրում դիմադրությունը, իրենց իսկ սկսած ագրեսիայի հետեւանքով՝ կրելով պարտություն պարտության ետեւից, գլուխները կորցրած, անտեսելով մարդկային բոլոր նորմերն ու օրինաչափությունները թիրախավորում են հասարակ ժողովրդին, ռմբակոծում են գյուղերը, մարդկանց տները, մանկապարտեզները եւ քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ադրբեջանական այս ահաբեկչական ոճրագործ քայլերը անվերապահորեն քաջալերվում եւ հրահրվում են Թուրքիայի կողմից: Էրդողանի իշխանությունը անվերապահորեն կանգնելով Ադրբեջանի կողքին մեղսակից է դառնում այս հանցավոր քայլերին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ ռմբակոծելու է հայկական ատոմակայանը:
Սա մարդկության դեմ բացահայտ ոճրագործ հայտարարություն է, որի վրայից միջազգային հանրությունը, կառույցները եւ պետությունները չպիտի հպանցիկ անցնեն: Նման սպառնալի կոչերին պատասխան չտալը եւ չդիմակայելը է’լ ավելի կդրդի ու կքաջալերի Ալիեւին ու Էրդոգանին՝ արկածախնդրական սանձարձակ քայլեր անելու մեջ եւ իրագործելու իրենց անմարդկային հետին մտադրությունները:
Հակամարտության դրդիչն ու հրահրողը նեոօսմանական երազանքներով տարված եւ տարածաշրջանի ու աշխարհի համար սպառնալիք հանդիսացող թուրքական իշխանություններն են, որոնք իրենց ռասիստական հակամարդկային շահերի համար ծառայեցնում են թե’ Ալիեւյան կլանին եւ թե’ ադրբեջանական ժողովրդին:
Խստիվ դատապարտում ենք Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունները եւ Ադրբեջանին համակողմանի աջակցության հիվանդագին կոչերը եւ խոստումները:
30 տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյացություն քարոզող իշխանությունները ի խնդիր իրենց կլանային իշխանության հաստատման եւ երկարացման, թունավորել են իրենց ժողովրդի միտքն ու հոգին՝ նրանից խլելով ողջամտությունն ու համակեցության զգացումները:
Ողջ հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում միակամ ու միաձայն պաշտպանելու է իր ապրելու իրավունքը, իր հայրենիքն ու պետականությունը:
Հայոց պետականությունը սրբություն է եւ պիտի աճի ու զարգանա հավերժ: Ոչ մի ոտնձգություն անպատիժ չի մնալու:
Միակամ ու միասին առանց բացառության համախմբվենք հայրենի պետության եւ մեր քաջարի բանակի ու զինվորի կողքին եւ չեզոքացնենք ու վերացնենք բոլոր սպառնալիքները:
Գրանցենք նորանոր հաղթանակներ եւ ապահովենք մեր երկրի ազատ ու անկաշկանդ զարգացումը եւ տարածաշրջանի խաղաղությունը»: