ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, նրան հիշեցնում է իր իսկ խոսքերը, «Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է»:

 

Հիշեցնենք, որ Ս. Լավրովն հայտարարել է, թե Թուրքիան շահագրգռված է ԼՂ հարցի խաղաղ լուծմամբ:

 

«Ուզում եմ պարոն Լավրովին հիշեցնել իր իսկ հայտարարությունը, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է, և Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

 

Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ Թուրքիան թեև Մինսկի խմբի անդամ է, սակայն մշտապես ունեցել է միակողմանի դիրքորոշում.

 

«Այս տարիների ընթացքում Թուրքիան, Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված, ցուցաբերել է բացառապես հանցագործ դիրքորոշում և սատարել է Ադրբեջանին: Ավելին՝ նա փորձել է հրահրել պատերամ: Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, քանի որ նա նախևառաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը, փոխզիջումների արդյունքում հարցի խաղաղ լուծմանն հասնելն է»:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը թույլ չի տա, որ Թուրքիայի ռազմատենչ, ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտ ԼՂ կարգավորման հարցում և հավելեց.

 

«Թուրքիան այստեղ անելիք չունի: Ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը Թուրքիային ստիպի, որպեսզի նա կատարի իր կողմից ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները։ Բացի այս՝ Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան դերակատարություն ունենա հարցի լուծման գործում»,- ընդգծեց Շարմազանովը:

 

Նա նաև չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Ռուսաստանը երկակի խաղ է խաղում և թուրքական կողմի հետ Ստամբուլում ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ. «Ես չեմ կարծում: Թուրքիան ցանկանում է իր դերն այս տարածաշրջանում մեծացնել, հետևաբար նման ապատեղեկատվություն է տարածում: Այսօր նա գնում է դեպի մեկուսացում, դրա ապացույցն է նաև այն, որ ԵՄ երես է թեքել նրանից: Իհարկե, Թուրքիան խաղացողներից մեկն է, բայց այն, որ անելի չունի Ղարաբաղյան գործընթացում, փաստ է: Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում: Մենք դրան դեմ ենք»: