ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության հակամարտող կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի մոտեցումն անընդունելի է և չի կարող շարունակական լինել, անուղղակի մեսիջ է Ադրբեջանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

 

«Ադրբեջանը մշտապես ցանկանում է հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխել, կարևորում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխությունը՝ նախ նկատի ունենալով Թուրքիայի ներգրավվածությունը: Եվ այս առումով սա շատ կարևոր հայտարարություն է, որը բխում է կարգավորման և խաղաղ բանակցությունների սկզբունքներից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

 

Շարմազանովի խոսքով՝ այդ հայտարարությամբ համանախագահող երկրներից մեկի ներկայացուցիչը հստակ ցույց է տալիս Թուրքիային, որ ինքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում տեղ չունի և դա իր գործը չէ: «Նաև հստակ նշվել է, որ այս հարցում միակողմանի դիրքորոշումն անընդունելի է ու դատապարտելի»,- եզրափակեց Շարմազանովը: