ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդես է եկել ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 12-ին ԼՂՀ ռազմօդուժի ուղղաթիռի խոցման դեպքի վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարության մեջ ասված է.

 

«Մենք անկեղծորեն ցավում ենք նոյեմբերի 12-ին երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին:

 

 

Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։

 

 

Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային։

 

Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ»։