Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան կարգավորման գործընթացում չկա բովանդակություն, հիմնականում փիլիսոփայական հարցեր են քննարկվում, թե երբ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, սակայն լուրջ բովանդակային հարցերի քննարկման անհրաժեշտություն է զգացվում: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի գնահատմամբ' տեսանելի չէ ռեալ քննարկում թե՛ երկու երկրների պետական գործիչների, թե՛ հատկապես հասարակությունների միջեւ: Հասարակությունները միմյանց չեն ճանաչում, իսկ մամուլում կամ քարոզչական նյութեր են, կամ հակիրճ լրատվություն:

 

«Ներկա դրությամբ ռեալ չէ խոսել հակամարտության կարգավորման մասին: Ունենք իրավիճակ, երբ նախագահները հանդիպում են, ինչն իհարկե վատ չէ եւ հույս ունեմ, որ հանդիպում կլինի նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գուցե Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ կամ գուցե Փարիզում' Ֆրանսուա Օլանդի հրավերով, բայց իմ կարծիքով, եթե այդքան շատ հարցեր դեռեւս կարգավորված չեն, ապա նախագահների հանդիպումներն ու բանակցություններն ավելի շատ պաշտոնական բնույթ են կրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' սեպտեմբերի 8-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թոմաս դե Վաալը, հավելելով, որ երկու երկրների նախագահները պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդականներ նշանակեն, ինչը որոշ չափով կօգնի հակամարտության կարգավորմանը:

 

«Չպետք է հույս ունենալ, որ ամսական մեկ անգամ տարածաշրջան այցելող համանախագահները կկարողանան խնդիրը կարգավորել: Պետք է շատ ավելի լուրջ հիմքերով բանակցություններ անցկացնել: Օբյեկտիվ պատճառներ չկան, ինչը կբերի հակամարտության կարգավորմանը: Պետք է նոր ուղիներ ստեղծվեն ընդհանուր փոխըմբռնման համար: Երկրորդ ուղին, դա ժողովրդական դիվանագիտությունն է, երբ պետք է երկխոսեն հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, երկու երկրների հասարակությունները»,- ասաց դե Վաալը:

 

Անդրադառնալով հուլիսին սահմանին լարվածության ուժեղացմանը, դե Վաալն ասաց, որ երկու երկրների նախագահներն էլ պետք է հասկանան, որ պատերազմը խաղ չէ եւ այդ հակամարտությունից մարդիկ են մահանում: «Շատ ցավալի է, որ մահանում են երիտասարդներ,ովքեր ծնվել են զինադադարի համաձայնագրի կնքումից հետո: Պատերազմը' դա խաղ չէ, մարդիկ տառապում են մահանում եւ նախագահները պետք է հասկանան, որ պետք է բանակցությունների լրջացմամբ հասնել կարգավորման»,- ասաց Թոմաս դե Վաալը:

 

«Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը հիմնականում զբաղվում է կովկասի հակամարտություններով եւ 1994թ. զինդադարի կնքումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նրա ուշադրության կենտրոնում է: Հակամարտության կարգավորման վերաբերյալ դե Վաալը գրել է «Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գիրքը: