ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչեւ տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձավ նաեւ սահմանային վերջին միջադեպերին եւ պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:
-Պարոն դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի մեր առաջարկը չմերժելու համար: Տարածաշրջան ձեր վերջին այցելության ժամանակ ասացիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ցանկություն են հայտնել: Արդեն հստա՞կ է' ե՞րբ եւ որտե՞ղ կհանդիպեն նախագահները եւ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
-Համանախագահների' տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում նախագահները խոստացան հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ: Ակնկալում ենք, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն կարգավորման հիմնական տարրերը: Մենք նրանց կոչ կանենք օգտագործել հնարավորությունը' նվազեցնելու լարվածությունը, վերջ դնելու բռնությանը և խուսափելու զոհերից, այդ թվում'անմեղ քաղաքացիների շրջանում:
-Պարոն Ուորլիք, շատ հաճախ փորձագետներն ու քաղաքագետները, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին, կարծիք են հայտնում, որ վերջին շրջանում իրավիճակը կարելի է բնութագրել այսպես' «բանակցություններ հանուն բանակցությունների»: Համամի՞տ եք այդ տեսակետւ հետ:
-Դիվանագիտությունն այլընտրանք չունի: Առանց համանախագահների ակտիվ միջնորդության և բանակցություններում կողմերի մասնակցության, ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման վտանգը մեծանում է: Անցյալ հոկտեմբերին կողմերը խոստացան ակտիվացնել երկխոսությունը և հուսանք, որ առաջիկա հանդիպումը նրանց հաղորդակցման համար նոր խթան կհանդիսանա:
-Որոնք են այն խնդիրները որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը:
-Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում: Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:
-Պարոն համանախագահ, չեք կարծո՞ւմ, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկն է, այն աումով, որ բացակայում է վստահության տարրը:
-Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:
Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի