Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի: Ինչպես հաղորդում է «Парламентская газета»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:

Ռուսաստանցի խորհրդարանականի խոսքով՝ կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հավատարիմ մնալ խնդրի կարգավորման քաղաքական ու դիվանագիտական գործիքազմին:

«Հարվածների փոխանակումն ընդհանրապես ոչինչ չի լուծի, այլ միայն կտանի խնդրի խորացմանը: Առաջնային խնդիրն է՝ կարճաժամկետ հատվածում հասնել հրադադարի ռեժիմի»,- ասել է Ֆրանց Կլինցևիչը:

Այս կապակցությամբ ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղեկալը չի բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացման հեռանկարը, որի համանախագահներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: