Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական զեկույցի ընդունումը կարող է խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը՝ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին, որը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառել է լիագումար նիստի օրակարգում: «Ասեմ ավելին՝ ԵԽԽՎ-ն հակամարտության կարգավորման մանդատ չունի, այնպես որ նման զեկույց ընդհանրապես չպետք է քննարկվեր: Նման քայլերը միայն կարող են վնասել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքն այս պահին ընդամենը զեկույցի մասին է, որն ընդգրկվել է վեհաժողովի՝ հունվարին կայանալիք լիագումար նիստի օրակարգում: «Ես ցավում եմ, որ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը, ով շուտով վայր է դնելու իր մանդատը, նման ծանր ժառանգություն է թողել ԵԽԽՎ-ի քննարկմանը, և կարծում եմ, որ այս հարցում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը շատ անելիքներ ունի, որոնք ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանել»,- հավելեց Նազարյանը:
Հարցին, թե ժամանակը չէ՞ ավելի կոշտ քայլերի գնալ՝ ԵԽԽՎ-ն բոյկոտելու եղանակով, Նազարյանը պատասխանեց, որ բոյկոտելը դա Հայաստանի գործելաոճը չէ: «Մենք մշտապես կողմ ենք եղել եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցությանը և դրա խորացմանը: ԵԽԽՎ-ն նաև ունի այլ կարևորագույն գործառույթներ՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ: Լավ կլինի, որ մենք շարունակենք մեր ներգրավվածությունը առհասարակ այդ ուղղությամբ»,- եզրափակեց Նազարյանը:
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են' «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գ րավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»: