ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգևոր և մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության և քաղաքական երկխոսության առավել խորացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը և հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելություններն ակտիվացնելու անհրաժեշտություն կա և ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ' շարունակելով արդեն իսկ ձևավորված ավանդույթը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլև բազմակողմ և առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաև Եվրանեսթում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով' ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է և մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների' Լեռնային Ղարաբաղի և կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի և Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում' ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում և համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով' Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների ձևաչափում և հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ և հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների և նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը և Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արևելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձևաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին' ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, և միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին' Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի' համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն և հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց' պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, և այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում:
Կարոլոս Պապուլիասը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը և նշել, որ շատ անելիք կա առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով' իր այցը նույնպես կնպաստի Հունաստանի և Հայաստանի բարեկամության և համագործակցության սերտացմանը: