ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանն Արցախի հանրային հեռուստատեսության խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը։

 

 

Պատասխանելով «Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչումը» հարցին», Անի Սարգսյանը նշել է.

 

 

 

«Ողջունում ենք Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը։ Այսպիսով, Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը։ Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործում։

 

 

Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այս գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար։

 

 

Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Այն նաև դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ ապահովելով նրա անդառնալիությունը և թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանական Հ անրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա»: