Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորն է, ոչ թե հակամարտության կողմ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Բաիր Ժամսուևը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը ԼՂ հակամարտության կողմ է:

 

 

«Այդ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա հակամարտության բոլոր կողմերի բանակցությունների արդյունքում, իսկ Ռուսաստանը համարվում է այդ բանակցությունների երաշխավորը: Ռուսաստանին պետք է դիտարկել որպես խաղաղ բանակցությունների երաշխավոր, այլ ոչ թե հակամարտության կողմ, ինչպես վերջերս հայտարարել է պետությունների ղեկավարներից մեկը: Իսկ որպես երաշխավոր՝ մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ռուս խորհրդարանականը:

 

 

Ժամսուևը նաև իր ցավակցությունները հայտնեց այն մարդկանց, ովքեր վերջին օրերին Արցախում ընթացող թեժ մարտերի ընթացքում կորցրել են իրենց հարազատներին: