Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների փակ նիստում քննարկվել են տարածաշրջանային, միջազգային, Հայաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հարցին, թե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունված հակահայկական զեկույցին անդրադարձ եղե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բոլոր հարցերին էլ անդրադարձ եղել է: Ես նաև հարցազրույց եմ տվել «Առավոտ» օրաթերթին, որը կհրապարակվի վաղը: Ես այդ հարցազրույցում պատասխանել եմ բոլոր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նալբանդյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ կնքվելիք համաձայնագրի հարցը: Նախարարը նշեց, որ մինչև տարվա վերջ տրվելու է բանակցությունների մեկնարկը՝ կարծիք հայտնելով, որ ԵՄ-ի հետ բանակցելու փորձը հնարավորություն կտա, որ այդ բանակցություններն արագ ընթացք ունենան:
Ազգային ժողովում կայացած փակ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ: