Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հակահայկական զեկույցի ընդունման մեջ մեղադրել վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը, սակայն այն կարծիքին է, որ հարկավոր է պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու քայլեր ձեռնարկել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ բոլոր օղակներով համադրված աշխատանք կատարելու խնդիր կա: «Այս դեպքում խոսքը Արտաքին գործերի նախարարության, դեսպանությունների մասին է: Նաև մենք՝ պատգամավորներս, անելիք ունենք այստեղ: Բոլորս պետք է համադրված աշխատենք, որպեսզի բացառենք նման խայտառակ զեկույցների ընդունումը: Տեսեք, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդգրկված է 83 պատգամավոր, սակայն այդ նիստին, որում ընդունվել է այդ հակահայկական զեկույցը, մասնակցել է 40 պատգամավոր: Արդյոք մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք բացակա 43-ից գոնե 20-ին խնդրի մասին իրազեկելու, որպեսզի նրանք էլ ներկա լինեին նիստին և քվեարկեին այդ զեկույցի դեմ: Ահա այստեղ է, որ մենք պետք է համադրված աշխատանք տանենք»,- նշեց Վարդանյանը:

 

Պատգամավորն այն կարծիքին է, որ մինչև ԵԽԽՎ հունվարյան լիագումար նիստը, որտեղ քննարկվելու է քաղաքական հանձնաժողովի ընդունած խայտառակ զեկույցը, Հայաստանի խորհրդարանը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ, որպեսզի Եվրոպայում հասկանան, որ գործ ունեն պետության հետ: «Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումն այս հարցում: Մեր պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում նիստերի դահլիճում արդեն հայտարարել է, որ չի ցանկանում աշխատել Մեջլիսում: Մեր խորհրդարանն էլ պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը մինչև լիագումար նիստ»,- եզրափակեց Վարդանյանը: