Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է վնաս հասցնելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է կատարվում հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' 2015 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկին հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ինչպես ԵԽԽՎ պատվիրակների, այնպես էլ հենց Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա անակնկալ չէր կարող լինել, ուրիշ բան է, որ այդ երկիրը դժգոհ է, քանի որ դիրքորոշումը ուղղված էր հենց իրենց: Ո՞վ է փորձում տեղափոխել հիմնախնդիրը Մինսկի ձևաչափից դուրս. իհարկե՝ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք բազմից ասել ենք այն, ինչ շեշտել են եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Նա կարևորեց փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակներն Ուոլթերի զեկույցի քվեարկության ժամանակ քվեարկեցին հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի օգտին և թույլ չտվեցին, որպեսզի այդ զեկույցն անցնի:

 

Անդրադառնալով Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցին, ԱԳ նախարարն անտրամաբանական համարեց այն, որ նման զեկույց պատրաստողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չայցելեց Լեռնային Ղարաբաղ: Խորհուրդ տալով չուռճացնել այդ կարգի փաստաթղթերի նշանակությունը' Նալբանդյանը նաև նկատեց, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանի բարձր ղեկավարությունն է տարբեր առիթներով նշել, որ ԵԽԽՎ բանաձևերը թղթի կտոր են:

 

Նրա դիտարկմամբ' Ադրբեջանը, տեսնելով, որ բանակցային սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր միակողմանի մոտեցումները, փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ-ի, նաև ԵԽԽՎ-ի դեմ:

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Այս զեկույցի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր, և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու տարածաշրջանային և միջազգային մյուս կազմակերպություններին, որ Մինսկի խումբը մնում է բանակցությունների համար միակ ընդունելի ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»:

 

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր: