Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ՄԱԿ-ի կողմից ստացել է համապատասխան մանդատ, և կողմերից մեկի փորձերը այդ հարցը տեղափոխել այլ հարթակներ միայն կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին»,-նշեց նա' մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի ընդունումը:

 

 

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով վերը նշված զեկույցի ընդունումը, շեշտեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ԼՂ հիմնահարցը փորձում է տեղափոխել այլ միջազգային հարթակներ: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլ միջազգային կազմակերպություններ չպետք է քայլեր ձեռնարկեն, որը կխանգարի ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին»,-ընդգծեց Նալբանդյանը' հավելելով, որ ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը եղել է «Ադրբեջանի ընկերը» բրիտանական պառլամենտում և մշտապես ֆինանսավորվում էր ադրբեջանական ընկերությունների կողմից: