Աշխարհը շարունակում է մեծ ցավով և մտահոգությամբ հետևել Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններին․ ավելի քան կես տարի չի դադարում կրակը, սահմանի երկու կողմերում զոհվում են հազարավոր մարդիկ։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Ուկրաինայում, ի՞նչ նոր զարգացումներ ակնկալել առաջիկայում։
«Արդեն կես տարուց ավելի է, ինչ Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ․ փետրվարի 24-ից սկսված լայնածավալ ռազմական գործողությունները մեզ ընտրության հնարավորություն չեն թողել։ Ցանկություն չունենք հանձնվելու։ Ուկրաինան կարողացավ ապացուցել, որ կարող է դիմակայել հզոր տերությանը և, իմ կարծիքով, ուկրաինացի պաշտպանների գործողությունները զարմացրեցին ամբողջ աշխարհին։ Մյուս կողմից Կիևին հաջողվեց ցույց տալ, թե իրականում ինչի է ընդունակ կամ ոչ ռուսական բանակը,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան (Կիև, Ուկրաինա)։
Փորձագետի խոսքով, Ուկրաինայի համար հեշտ չէ, քանի որ երկրի տնտեսությունն այդ ամենից տուժում է, բայց հարցը, ըստ մեր զրուցակցի, էկոնոմիկայի մեջ չէ, այլ նրա, որ զոհվում են Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
«Դա մեծ կորուստ է, եթե նաև հաշվի առնենք, որ պատերազմի հետևանքով միլիոնավոր ուկրաինացիներ ստիպված են եղել լքել երկրի տարածքը։ Ուկրաինան կարողացավ ապացուցել գլխավորը, անկախ այն հանգամանքից, թե երբ կավարտվեն ռազմական գործողությունները, երկիրը կարողացավ պահպանել իր ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծեց Եվգենի Մագդան։
Մեր այն դիտարկմանը, թե ինչ փոփոխություն ակնկալել Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցությունների մասով, փորձագետը հիշեցրեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին հստակ սահմանել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները․
«Դա Ուկրաինայի՝ ժամանակավորապես «օկուպացված» բոլոր տարածքների ամբողջությամբ ազատագրումն է։ Կարծում եմ, նախագահը նկատի ունի նաև Ղրիմը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Մինչև այդ տարածքների ազատագրումը, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Բուչայում, Մարիուպոլում և այլուրեք, ուկրաինական հասարակությունը պարզապես դեմ է ռուսական կողմի հետ բանակցային գործընթացին»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը