Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում տիրող ոչ թե հակահայկական, այլ ադրբեջանամետ տրամադրութուններն էին հակահայկական զեկույցի ընդունման հիմնական պատճառը: Սակայն, բացի այդ, կան նաև այլ միջազգային խնդիրներ, որոնք ազդում են ԵԽԽՎ-ում մթնոլորտի ձևավորման վրա: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«ԵԽԽՎ-ում հայկական կողմի վրա ճնշումները կանխատեսելի էին, քանի որ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի անդամ, իսկ ադրբեջանամետ հայացքների հիմնական պատճառն Ադրբեջանի վարած խավիարային դիվանագիտությունն է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս ամենից ելնելով, Հայաստանն իր արտաքին բոլոր խողովակներով պետք է կարողանա Եվրոպայում կարծիք ձևավորել:
Անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ում հայ պատգամավորների կատարած աշխատանքին' Ալեքսանյանը նշեց, որ պատգամավորներն արել են հնարավոր ամեն ինչ, և նրանց աշխատանքը չէ զեկույցի ընդունման պատճառը: Նա նաև նշեց, որ բանաձևը ոչ մի իրավական հիմք չունի, սակայն կարող է որոշակի տեսակետ ձևավորել:
Ըստ պատգամավորի, Միլիցա Մարկովիչի կողմից պատրաստված հակահայկական զեկույցի ընդունումից հետո հայկական կողմը պետք է այնպես անի, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի օգտագործման շուրջ բանակցությունները գնան Արցախի հետ: Պատվիրակները պետք է գան ու տեսնեն փաստերը, իրավիճակը: Իսկ եթե չգան դա ևս կարելի է օգտագործել հօգուտ հայկական կողմի:
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: ԵԽԽՎ-ն «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին ջր ից կանխամտածված զրկելու» զեկույցի հիման վրա բանաձեւ է ընդունել: Պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա Հերցեգովինա) կողմից պատրաստված զեկույցը, որն ի դեպ, այն կազմելուց առաջ նույնպես չէր այցելել ԼՂ, ԵԽԽՎ-ն ընդունել է 98 «կողմ» եւ 71 «դեմ» ձայներով: