Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի հանձնաժողովում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կկազմակերպվի Սարսանգի ջրամբարի ճակատագրի քննարկումը: Հանձնաժողովում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը, ով զեկույց է պատրաստում ջրամբարի հետ կապված, վստահ է, որ ԵԽԽՎ-ում ջրամբարի հարցի քննարկում հայկական կողմի շահերից է բխում:

 

Հուլիսի 3-ին խորհրդարանում կայացած ասուլիսում Նաիրա Կարապետյանը նշեց, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ Սարսանգի ջրամբարի հարցը հնարավոր բոլոր միջոցներով փորձել է քննարկման դնել միջազգային բոլոր կառույցներում, սակայն միշտ բացասական պատասխան է ստացել: «Այս անգամ հարցն ուղարկվել է ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողով և հարցի վերաբերյալ քննարկում է սկսվել: Հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի հարցը ներկայացվում է որպես մարդասիրական, քանի որ դրա հարակից տարածքներում բնակվող ադրբեջանցիները զրկված են դաշտերը ոռոգելու հնարավորությունից, ինչի հետևանքով մարդասիրական աղետ է հասունանում»,- ասաց Կարապետյանը' հիշեցնելով, որ հարցի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս առաջարկել է շահագործել Սարսանգի ջրամբարն ադրբեջանական կողմի հետ, սակայն նրանք միշտ մերժել են:

 

«Եթե ադրբեջանական կողմը համաձայնի դրան, ապա ստիպված կլինի բանակցություններ վարել ԼՂՀ-ի հետ: Քաղաքական տեսանկյունից քննարկումը լավ է ղարաբաղյան հիմնահարցի համար, քանի որ ադրբեջանական կողմն անուղղակիորեն կճանաչի ԼՂՀ-ն»,- ասաց պատգամավորը:

 

Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում։ Շահագործման է հանձնվել 1976 թ.։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։