Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը դժվարանում է նշել ԵԽԽՎ Բյուրոյի կողմից ԼՂ Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը ընթացք տալու պատճառները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ Բյուրոյի արածն անհեթեթություն է, սակայն արդեն կայացած փաստ: «Դժվարանում եմ նշել, թե որն է եղել նման որոշման պատճառը: Բյուրոյի արածն ուղղակի անհեթեթություն է»,- ասաց Հարությունյանը:

 

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը չցանկացավ բարձրաձայնել այն քայլերի մասին, որ իրականացնելու է հայաստանյան պատվիրակությունը: Նա նշեց, որ փորձելու են հասնել նրան, որ հարցի վերաբերյալ օբյեկտիվ զեկուցող ընտրվի: «Հետագայում մենք աշխատելու ենք զեկույցի նախապատրաստման ընթացքում, իսկ մեր քայլերի մասին այս պահին նպատակահարմար չէ բարձրաձայնել»,- ասաց Հարությունյանը:

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Բյուրոյում բանաձևի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Ապրիլի 7-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽ վեհաժողովում Ադրբեջանցի պարգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշել են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։ Ադրբեջանական պատվիրակությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ, սակայն ԵԽԽՎ Բյուրոն ոչ մի անգամ ընթացք չի տվել դրանց: