Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայաստանյան պատվիրակության աշխատանքն ավարտված ձմեռային նստաշրջանում արդյունավետ է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքը մամուլում արժանանում է քննադատությունների, Հարությունյանը նշեց, որ պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ դնող հարցադրումները ոչ պրոֆեսիոնալ են, դրանք փոքր-ինչ դեմագոգիկ են: «Պատվիրակության աշխատանքի արդյունավետությունը չի չափվում զուտ ելույթների քանակով: Կարելի է ունենալ տասնյակ անհետաքրքիր ելույթներ, իսկ կարելի է ունենալ շատ քիչ ելույթներ, բայց կատարել լուրջ աշխատանք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Նրա դիտարկմամբ' նախ պետք է հստակեցնել, թե ինչ կարելի է ակնկալել ԵԽԽՎ-ից: «Սա կառույց չէ, որտեղ լուծվում են հայաստանյան հարցեր, այլ կառույց է, որտեղ բարձրացվում են համաեվրոպական հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումները, հետագա որոշումները ազդում են նաև Հաաստանի վրա' որպես անդամ: Այդ տեսանկյունից մեր չմասնակցելը նշանակում է , որ մենք դուրս կմնանք այդ քննարկյումներից ու մեր խոսքը հասանելի չի լինի»,-փաստեց Դավիթ Հարությունյանը' հավելելով, որ այդ տեսանկյունից տարվող աշխատանքը ոչ թե ելույթներն են, այլ աշխատանքի զգալի մասը տեղի է ունենում հանձնաժողովներում, անձնական շփումների միջոցով, տարբեր հարցեր զեկուցողների հետ քննարկումների միջոցով: «Դա առաջին հայացքից ընդհանուր հանրության համար տեսանելի չէ: Այդ աշխատանքի մասին ընդունված էլ չէ մանրամասնել, բայց աշխատանք, բնականաբար իրականացվում է»,-նկատեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահը:

 

Դավիթ Հարությունյանը նաև անդրադարձավ ադրբեջանական պատվիրակության գործունեությանը' նշելով, որ նրանք բավականին ակտիվ քաղաքականություն են վարում: «Պատահական չէ նաև խավիարային դիվանագիտության վերաբերյալ հրապարկված աշխատություները, բայց, եթե նայեք զեկույցներին, որոնք ներկայացնում են ադրբեջանցիները, դրանք փոքրաթիվ զեկույցներ, հարցադրումներ են, որոնց նպատակն է տարածել կեղծ տեղեկատվություն, օգտագործել ու կրկնել, օրինակ «օկուպացիա» , «ադրբեջանցի փախստականներ» հասկացությունները, որոնք մարդկանց հիշողության մեջ իրենց դրոշմը կթողնեն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Հունվարի 27-ին մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանը երկու ելույթ է ունեցել' կոչ անելով ԵԽԽՎ-ում բարձրացրել է Իլհամ Ալիեւին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նա Ստրասբուրգում նաեւ անթույլատրելի է համարել ԵԽԽՎ պատգամավորների խավիարասիրությունը: ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում առաջարկել է ցեղասպանությունների ժխտման համար պատիժ սահմանել: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ապաստան տալու համար: