Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, ապա այո, աջակցել ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ ԱԱԾ-ին տվյալներ տրամադրելուն։
«Ինչի՞ց նման բան եզրակացրիք։ Ֆինանսների նախարարությունում էլ է եղել։ ԱԱԾ-ի քննչական գործողություններ իրականացնող մարմինը հավանաբար շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք են բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից։ Եվ այդ փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել։ Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը ևմեր տրամադրելը աջակցություն է, ապա այո աջակցել ենք»,- ասաց Անանյանը։
Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն ՊԵԿ-ի աշխատակիցների վերաբերյալ 2010, 2014, 2016 թվականների տվյալներ է պահանջել, Անանյանը պատասխանեց. «Չեմ ասի ձեզ, հիմա ես հո չե՞մ ասելու՝ ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել, դա նախաքննության գաղտնիության սկզբունք է»։