«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ է հրավիրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ պարզաբանումներ տալու պարգևատրումների հետ կապված:

«Մանրամասն պարզաբանում տրվեց պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է»,- խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր, որի վերաբերյալ ասացի այն, ինչ ասացի»,-ասաց Անանյանը և լրագրողներին խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, մենք քննարկել ենք»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե կարողացա՞վ հիմնավորել, թե ինչու են այդպիսի բարձր պարգեւավճարներ տվել, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ հիմնավորելու խնդիր չկար. «Կար պարզաբանելու խնդիր: Ես չեմ կարող ասել՝ իրենք բավարարված էին, թե ոչ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Այո՛, պարգևավճարները կատարվել են օրենքի տառին համապատասխան»: