ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձրաձայնում է Հայաստանի ներքին օրենսդրության և ԵԱՏՄ իրավակարգավորումների հակասության մասին՝ կապված հայրենադարձվողների կողմից սեփական գույքը հայրենիք տեղափոխելու հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի նշած դեպքին, երբ անձը Հայաստան վերադառնալիս փորձել է անցկացնել իր անձնական գույք համարվող ավտոմեքենայի անվադողերը, սակայն նրանից պահանջել են դրանք մաքսազերծել: «Որքանով ինձ է հայտնի, այդ անձը ԵԱՏՄ տարածքից չի վերադարձել Հայաստան: Իսկ ընդհանրապես հայրենադարձության հետ կապված օրենսդրական հակասություն կա մեր ներպետական օրենքների և ԵԱՏՄ իրավակարգավորումների միջ: Մեր օրենսդրությամբ՝ հինգ տարի և ավելի ժամանակ դրսում գտնվող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստան, անձնական գույքի համար չպետք է մաքսատուրք վճարեն: ԵԱՏՄ իրավակարգավորումներով՝ այդ նորմը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա և մեր քաղաքացիների վրա՝ միայն տրանսպորտային միջոցների գծով»,- օրենսդրական տարբերությունները նկարագրեց ՊԵԿ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը նախընտրի առաջնորդվել իր իրավակարգավորումներով, կարող է իրավական խնդիրներ ունենալ՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունների մասով:
Անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին հրաժարվել է հայտարարագրել իր կողմից ներկրվող լվացքի մեքենան ու ջարդուփշուր է արել այն, տեսագրել և տեղադրել սոցիալական ցանցերում, Դավիթ Անանյանը դա որակեց որպես PR-քայլ: Նա նշեց, որ այդ անձի ինքնությունը հայտնի է, նա 2010-2017 թթ. հինգ անգամ քաղաքացիություն է փոխել, վերջին 1 ամսում էլ 13 անգամ սահմանահատում է իրականացրել: «Երբ անձին ասում ենք, այո, ցավոք, օրենսդրությունն այնպիսին է, որ պետք է մաքսազերծեք ապրանքը, ի դեպ՝ 100 դոլարի մասին խոսք չկա, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում: Անձը որոշում է՝ PR-ակցիա իրականացնի, իր լվացքի մեքենան ջարդուփշուր անի, համացանց գցի, պիտի արգելեի՞նք»,- հավելեց Դավիթ Անանյանը: