ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով' Թուրքիան, բացի վնասից, այլ ազդեցություն չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին Հայրապետյանը նշեց ՀՀ Ազգային ժողովի մարտի 3-ի նիստի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
«Այս հանդիպումը ոչ առաջինն է, ոչ էլ վերջին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Թուրքիան, որպես ԵԱՀԿ անդամ երկիր, միշտ էլ փորձել է ներգրավված լինել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, որը նրան չի կարող հաջողվել: Թուրքիան ունի հստակ կողմնակալ, ադրբեջանամետ դիրքորոշում իր բոլոր հայտարարություններ ու գործելաոճով: Լուծման գործընթացում, եթե ուզում է իսկապես ներդրում ունենալ, լավագույն ներդրումը կլինի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման և բանակցային գործընթացին ուղղված քայլերից, որովհետև դրանց բացի վնասից այլ ազդեցություն Թուրքիան ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը:
«Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»,- նշել է Նաղդալյանը: