Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ընդգծեց, որ, ըստ էության, ոչինչ տեղի չի ունեցել. «Մասնավոր անձը, ով հեռացող համանախագահ է, ընդ որում` ժամանակավոր համանախագահ, հիշեցրել է Մադրիդյան սկզբունքների մասին»:
Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ նա փորձառու դիվանագետ է, ով հակամարտությունների վրա աշխատելու մեծ փորձ ունի: Սակայն քաղաքագետը հեռու է այն կարծիքից, որ ամերիկացի համանախագահի փոփոխությունը կարող է ինչ-որ լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: «Սա շատ բարդ հակամարտություն է, և մեկ անձի փոփոխությամբ չի կարելի կտրուկ փոփոխություններ ակնկալել հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասաց քաղաքագետը:
Նա հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եզակի է, քանի որ չկա մեկ այլ ձևաչափ, որտեղ երեք գերտերություններ` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը համագործակցեն այդքան արդյունավետ:
Քաղաքագետը նաև կարծում է, որ համանախագահներին կհաջողվի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում կազմակերպել` ընդգծելով, որ այդ հանդիպումն էլ կտրուկ փոփոխությունների չի հանգեցնի, իսկ իրավիճակը կշարունակի մնալ նույնը, որն առկա է 2016 թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո: