ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները կտեսնեք նույնը»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով և Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»: Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է: