Թուրքիան խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' Երեւանում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսում: «Միանշանակ պաշտպանելուվ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը' Թուրքիան փորձում է խցկվել կամ միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Կասեի, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է հնարավորության սահմաններում հեռու մնա այդ գործընթացից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

 

Մի քանի օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի մասին եւ նշել, թե իբր Հայաստանն իր բոլոր հարեւանների հետ վատ հարաբերություն ունի: Ահմեդ Դավութօղլուն այդ առչությամբ «խորհուրդներ» է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին: Միաժամանակ, Դավութօղլուն խոսել է ԼՂ հակամարտության կարգավորումից:

 

Երբ Թուրքիան խոսում է այլ երկրի մասին եւ մատնանշում հարեւանների հետ խնդիրը, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան իր մասին է խոսում: «Զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարախոսությունը, որ առկա է Թուրքիայի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում, հարեւանների հետ ունեցած խնդիրների վկայությունն է: «Երբ խոսքը գնում է հարեւանների հետ խնդիրներ ունենալու մասին, առաջին հերթին հիշեցնում է Թուրքիային: Հայտնի է, որ «զրո հարեւան առանց պրոբլեմի» գաղափարախոսության մասին խոսում են ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ դրանից դուրս: Եվ խո րհուրդներ տալուց առաջ եւ այդպիսի մեծամտություն ունենալուց առաջ պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես նման խորհրդի կարիք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Էդվարդ Նալբանդյանը: