«Ինչ որ պետք է՝ արվում է: Դիվանագիտությունը չի վարվում հեռուստատեսության միջոցով, մամուլի միջոցով և այն մասով, ինչքանով մենք կարող ենք իրազեկել, մենք դա անում ենք: Երեկվա այդ հայտարարությունը, որ եղել էր մեր խոսնակի կողմից, ԱԳ փոխնախարարի կողմից այդ բոլոր հարցերին պատասխանել են»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԱԳ-ն հավուր պատշաճի չի արձագանքում Ադրբեջանի սահձահարումներին:
Լրագրողների դիտարկմանը, թե ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը չի բացառել, որ հուլիսի չորսին ադրբեջանում զոհված երեխան սպանվել է հենց ադրբեջանցիների կողմից, Նալբանդյանը արձագանքեց, թե այն հարցերը, որոնք ԱԳՆ-ն կարող էր մեկնաբանել, արդեն մեկնաբանել է. «Ադրբեջանական կողմն արդեն իսկ շահարկում է: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է իր կարծիքը, որը շահարկում են»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):