ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել Երուսաղեմի կարգավիճակի մասին մեկնաբանությամբ։
«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։
Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,– ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: «Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել էր Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: