«Անտառներն իրոք վտանգված են, դրանք կրիտիկական վիճակում են: 1993 թվականին եղել է վերջին հաշվառումը, որի արդյունքում անտառածածկ է համարվել ՀՀ տարածքի 11%-ը, մինչև հիմա օգտագործվում է այդ թիվը, բայց իրականում անտառածածկ տարածքների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է»,- ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին՝ ասաց բնապահպան, «Հայաստանի անտառներ» ՀԿ–ի նախագահ Նազելի Վարդանյանը:
Վարդանյանը պարզաբանեց, որ Հայաստանում արգելված են արդյունաբերական անտառահատումները, թույլատրելի է միայն սանիտարականը, սակայն անտառները օգտագործվում են նաև որպես վառելանյութ, և դա պատճառ է դառնում ապօրինի ծառահատման: Իր խոսքում բնապահպանն ասաց, որ սանիտարական հատումների անվան տակ 20-25 անգամ ավելի ծառահատում է կատարվում, դա նշանակում է, որ պետական սեփականությունը գողացվում է: Կատարված ծառահատումների դիմաց պետբյուջե գումարներ չեն վճարվում, այդ պրոցեսի արդյունքում տնեսական և բնապահպանական վնասները դառնում են ահռելի:
«Իհարկե կա բնապահպանական մեծ խնդիր, սակայն այստեղ կա նաև սոցիալական խնդիր: Մարդիկ աշխատանք չունեն, 90-ականներից ի վեր ձևավորվել են բիզնեսներ, սակայն հիմնականում ապօրինի ծառահատման համար պատասխանատվության են ենթարկվում հասարակ գյուղացիները և անտառապահները, իրական պատվիրատուները մնում են գաղտնի: Մի կողմից լավ է, որ խստացվել է անտառի պաշտպանությունը, մյուս կողմից՝ այս հարցը չի կարող միակողմանի լուծում ունենալ: Հակառակ դեպքում նման սոցիալական բախումներն անխուսափելի են»,- ասաց բնապահպանը:
Վարդանյանը շեշտեց, որ հարցի համալիր լուծման համար պետք է այլընտրանքային աշխատատեղեր առաջարկվեն քաղաքացիներին: Բնապահպանն առաջարկում է նաև անտառահատողներին դարձնել անտառտնկող, այս դեպքում քաղաքացիները չեն կորցնի իրենց աշխատանքը, իսկ անտառային ռեսուրսները կպահպանվեն: Վարդանյանն ընդգծում է՝ ամեն դեպքում, բոլոր խնդիրներից ամենակարևորը բնապահպանականն է. այն վերականգնելու համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ:
«Մեր բոլոր անտառները լեռնային են և անտառահատման հետևանքով հողի հումուսային շերտը վերանում է և դա պատճառ է դառնում էրոզիայի, որի հետևանքը անդառնալի է, քանի որ այդ տարածքներում հնարավոր չի լինում անտառ վերականգնել: Մենք ունենք Թեղուտի օրինակը, երբ 700 ՀԱ անտառ ոչնչացվեց, և տեղը ոչինչ չտնկվեց: Պետք է միշտ առավելությունը տալ բնությանը»,- եզրափակեց բնապահպանը: