Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենևին սառեցված չէ, այն իրական հակամարտություն է, որն ազդեցություն ունի հայ հասարակության, կառավարության և պետության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
 
«Այս երկու ամիսներին, որ ես Հայաստանում եմ, շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: Սա մի հակամարտություն է, որը մեզ մտահոգում է, և երևի թե դա է պատճառը, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքին, որը պիտի տանի լուծման՝ հիմք ընդունելով ուժի չկիրառման սկզբունքը, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքորոշման իրավունքի սկզբունքները, որոնք բուն բանակցային գործընթացի առանցքն են: Ֆրանսիան իր վճռականությունն է հայտնել՝ լիակատար իրականացնելու այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:
 
Նրա խոսքով՝ սա մի հակամարտություն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով են հետևում, սակայն բանակցված և տևական լուծում գտնելու որոշումը պատկանում է երկու կողմերին: