Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է.
«Ինչու՞ են ցանկանում Թուրքիան և Ադրբեջանը, նրանց թիկունքում կանգնած մեծ տերություններն ու դրածո Փաշինյանը խեղել-ոնչացնել հայերի ազգային ինքնագիտակցությունը՝ խզել նրանց ամուր մշակութային ու հոգեբանական կապվածությունները պատմական Հայաստանի հետ, զրկել նրանց հավաքական հիշողությունից և բուն ինքնությունից։ Պատասխանը պարզ է. նրանք ձգտում են ավարտին հասցնել հայոց ցեղասպանությունը և խուսափել համաշխարհային պատմության այդ մեծագույն ոճրագործության համար որևէ պատասխանատվություն կրելուց։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար իր հինգհազարամյա հայրենիքից ուրացումը, հայոց բնաջնջումը մոռացության տալը և հայության դահիճներին՝ Թուրքիային և Ադրբեջանին քաղաքականապես գրկախառնվելը, ինչպես ամեն օր պահանջում է հայերից օտարի խամաճիկը։
Ստորև ներկայացնում եմ պատմական Հայաստանն ուրանալու ու չապաշխարած ոճրագործների հետ «հաշտվելու» կործանարար հետևանքների ոչ ամբողջական ցանկը.
1) Հայ ժողովուրդը կկորցնի հայ մնալու իր հավաքական կամքն ու դիմադրողականությունը, որովհետև գիտակցաբար ու ենթագիտակցաբար կմերվի հավերժ պարտվածի ու «խեղճի» կարգավիճակի հետ։
2) Հայկական բանակը կդադարի հայկական բանակ լինելուց՝ կկորցնի մարտունակ լինելու իր մեծ կարողությունը և զենքը վայր կդնի թուրքերի առաջին իսկ հարձակման ժամանակ, որովհետև թուրքերին այլևս թշնամի չի դիտի և իր առջև չի դնի Հայաստանն ամեն գնով պահպանելու խնդիր։
3) Հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու հայկական մշակույթը կզրկվեն ազգային բովանդակությունից ու ձևից՝ պարզապես կմահանան, որովհետև կկտրվեն պատմական արմատներից և օտար ազդեցությունների տակ անդառնալիորեն կայլասերվեն։
4) Հայ ռազմավարական ու քաղաքական միտքը կկորցնի անկախ և ինքնուրույն զարգացման բոլոր հնարավորությունները։
5) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կկորցնի իրապաշտության զգացումը՝ լայն դուռ բացելով օտար բոլոր տեսակի վտանգավոր միջամտությունների ու թշնամական գործողությունների առջև։
6) Հայաստանի ազգային անվտանգության համակարգը այդպես էլ երբեք չի կայանա։
7) Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի արագընթաց անփառունակ վախճան ու կանցնի պատմության գիրկը։
8 ) Հայաստանի այս վերջին բեկորում ապրող հայերը մեծավ մասամբ կարտագաղթեն, մասամբ էլ՝ կթուրքացվեն։ Հայաստանը կհայաթափվի։
Ցանկը կարելի է շարունակել և մանրամասնել։ Բայց պարզ է, որ առանց «պատմական Հայաստանի» խոր գիտակցության ու սուր զգացողության հայերը չեն կարող պահպանել ներկայիս «իրական Հայաստանը»։ Նրանք անգամ չեն կարող հայ մնալ։
Կարճ ասած՝ ազգուրացնե՛ր և հիմարնե՛ր, պապանձվե՛ք»։