Հավաքական արևմուտքի ակտիվությունը մեր տարածաշրջանում վերականգնվել է 2021 թվականից, երբ Թրամփին փոխարինած Ջո Բայդենը հայտարարեց «Ամերիկայի վերադարձի» մասին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի կողմից ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահի նշանակումը և դրա շուրջ՝ հատկապես Բաքվում բարձրացված աղմուկը։
«Այս փուլում Սպիտակ տան ուղղակի գործողությունները հետևանք են աշխարհաքաղաքական վերափոխումների, որոնց բովում ռուս-թուրքական համաձայնությունը մեր տարածաշրջանում շարունակաբար անտեսում է այլ խաղացողների շահերը: Տեսանելի ապագայում ԱՄՆ և նրա արևմտյան գործընկերների ակտիվությունը կշարունակի հակադրվել «տարածաշրջանը կիսելու» ռուսական «եվրասիական» և թուրքական «նեոօսմանական» համադրելի քաղաքականությանը»,-նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետն ուշագրավ համարեց ԱՄՆ վերջին 2 քայլերը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու և օկուպացված Շուշի այցելելուց հրաժարվելու հետ, դա որակելով որպես հայեցակարգային անհամաձայնության դրսևորում: Նրա համոզմամբ, փոխզսպումների համակարգի բացակայության պայմաններում նման հակադրությունը հնարավորություններ և մարտահրավերներ է պարունակում։
«Այս տրամաբանությունում Հայաստանի համար աշխատանքի լայն դաշտ է ձևավորվել, որտեղ ամեն մի թերացում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, բայց և ամեն մի հաջողություն կարող է շրջադարձային նշանակություն ունենալ»,-ընդգծեց Ռոբերտ Ղևոնդյանը:
Դիտարկմանը, թե արդյո՞ք օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումն էլ ուժային մեկ այլ կենտրոնի՝ Եվրոպայի հայտն է՝ մնալու խաղացող Հարավային Կովկասում, մեր զրուցակիցը նշեց․
«Կարծում եմ Հայաստանի և Ադրբեջանի փոխկապվածությունը Ռուսաստանի հետ հետպատերազմյան շրջանում էական փոփոխություններ չի կրել: Այլ հարց է, որ Մինսկի խմբի փաստացի չգործելու հետևանքով գործառույթները իրենց վրա են վերցրել երկու հարթակներ՝ Մոսկվան և Բրյուսելը: Բրյուսելը գործում է ոչ միայն իր անունից, այլև ներկայացնում է Մինսկի խմբի միանգամից երկու համանախագահների ընդհանուր «թևը»: Արդյունավետության գնահատականը հնարավոր կլինի տալ աշխարհաքաղաքական քիչ թե շատ հավասարակշված իրադրության հաստատման դեպքում: Մինչ այդ բոլոր փոքր ու մեծ խաղացողները փորձում են քաղաքական կապիտալ կուտակել: Եվրամիությունը ևս բացառություն չէ»:
Արա Ալոյան