«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել մեկը մյուսից սադրիչ, վտանգավոր և անպատասխանատու: Եթե մի քանի հիմնական կետերը առանձնացնենք՝ բաց թողնելով «ջուրը» , ապա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.
ա) Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է,
բ) «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը»:
գ) «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում:Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»:
Իսկ հիմա ավելի հանգամանորեն այս ամենը միասին դիտարկենք: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և որ իրենց թիրախային նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խզումն է, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից հասկացողների համար ակնհայտ էր դեռ 2018-ին: Դատողունակ մարդկանց առավել լայն շերտերի համար դա պարզ դարձավ հաջորդող ընթացքում, իսկ հիմա արդեն ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ:
Ի դեպ, ՀԱՊԿ-ից շտապել էին մեկնաբանել Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Փաշինյանի իշխանությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կազմակերպությունում ՀՀ անդամությունը «սառեցնելու» վերաբերյալ: Բայց դա ավելի շուտ «տեխնիկական» մանրուք է, քանի որ առավել քան ակնհայտ իրողություն է, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում ու արդեն բավականին վաղուց է «սառեցրել» Հայաստանի անդամությունը ՀԱՊԿին, ինչը վերջին շրջանում դրսևորվել է բազմիցս՝ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելու, նիստերին մասնակցելուց հրաժարվելու և դեմարշային այլ քայլերի տեսքով: Ավելին, հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալուց և փողոցային փոշին «դուխով» գրությամբ գլխարկից թափ տալուց անմիջապես հետո Փաշինյանի առաջին գործողություններից մեկը եղավ այն, որ նպատակային վարկաբեկիչ քայլ արեց ՀԱՊԿ-ի դեմ՝ քրեական հետապնդում նախաձեռնելով այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ:
Բայց հարցը սոսկ ՀԱՊԿ-ը չէ: Փաշինյանն ակնհայտորեն խնդիր ունի նաև Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից: Ի վերջո, Փաշինյանը այն գործիչն է, որը դեռ ընդդիմադիր պատգամավոր «աշխատելու» շրջանում նախաձեռնել էր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու օրենսդրական գործընթաց: Այն, որ մինչև հիմա նա դեռ նման քայլի չի գնացել կամ նման հայտարարություններ չի արել, պայմանավորված է զուտ անձնական-խմբակային շահերով: Մասնավորապես, այս փուլում Հայաստանի կառավարությունը թե՛ քաղաքական, թե՛ նյութական դիվիդենտներ ունի, այսպես ասած, վերաարտահանումից: Դա ապահովում է ոչ միայն որոշակի եկամուտներ, այլև տնտեսական «աճող» ցուցանիշներ, որոնք շահարկվում են իշխանական քարոզչության կողմից՝ իշխանությունը պահելու նպատակադրմամբ:
Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա մերձավորներին, հարկավ, նաև իր իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք միմյանց հերթ չեն տալիս՝ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելու հարցում: Մեկը մյուսից ցուցադրական, ի դեպ: Էլ չենք խոսում այն մասին, որ սեփական արկածախնդիր «քաղաքականության» ծանր հետևանքների համար մեղքերը Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար գցում են Ռուսաստանի վրա կամ «գրպանը», եթե կուզեք: Ի դեպ, նույն ՀԱՊԿ-ի մասին խոսքում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»:
Այնպես չէ, որ Ռուսաստանին ուղղված հարցեր չկան: Բայց մեր առաջին հարցերը Հայաստանի ղեկավարությանը պետք է ուղղված լինեն, քանզի նրանց վարած քաղաքականության հետևանք են նաև այդ հարցահարույց դրսևորումները:
Հիմա ամենակարևորը. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը «վերլուծելով» հանկարծ եկել է եզրակացության, որ՝ այո, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հնարավոր է:
Սա ի՞նչ է: Կան կարծիքներ, որ այս ամենը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ հրավեր է Ադրբեջանին: Կան տեսակետներ, որ հայ ժողովրդին մի նոր պատերազմով «վախ ծախելու» նոր արար է: Կան այլ կարծիքներ ևս:
Սակայն, որն էլ լինի, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում դեռ մարդ է մնացել, որ չի հասկանում միանգամայն առարկայական վտանգները, որոնք Փաշինյանն ու նրա իշխանությունը բերում են կամ ցանկանում են բերել մեր երկրի և ուղղակիորեն բոլորիս գլխին:
Ի դեպ, մի շատ ուշագրավ նկատառում ևս. եթե կուզեք՝ որպես հետգրություն: Նկատեցի՞ք՝ Փաշինյանը հայտարարում է, թե Մոսկվան ցանկանում էր իրեն աթոռընկեց անել, Ռուսաստանը կոչ էր անում տապալել իր՝ Փաշինյանի իշխանությունը: Ու սա դառնում է հակառուսականության հիմնական փաստարկ: Հարցը նույնիսկ այն չէ, թե իրականում Ռուսաստանը նման ցանկություն ունեցե՞լ է, թե հակառակը: Հարցն այն է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինչպես է դողում իր աթոռի վրա: Այսինքն, նրա միակ փորացավը, ամբողջ ուշքնումիտքը իր իշխանությունն է: Նա կառչած է իշխանությանը «կյանքից առավել» ռեժիմով: Ու դրա համար նա կարող է ամբողջ քաղաքականություն կառուցել, այդ թվում՝ արտաքին: Իսկ որ երկիրը կործանում է, դա՝ հեչ: Կարևորը, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնի:
Հետևությո՞ւն: Իսկ հետևություն անելու հերթը հիմա արդեն բոլորինս է: Կամ անում ենք այն, կամ... պարզ է, թե ինչ...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ