Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի' եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

Հանդիպմանն անդրադարձ է արվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերին։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։

 

Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ինչպես նաև՝ ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ ընթացող բանակցային գործընթացը:

 

Նախարար Նալբանդյանը կարևորել է առկա ձեռքբերումների հիման վրա մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերում Հայաստանի մասնակցությունը:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։