Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Քննարկվել են ստեղծված իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ներուժի առավելագույն իրացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրներին: Այս ուղղությամբ ևս կարևորվել է ԱՀ և ՀՀ գործընկեր գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: