Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հայտնի իսրայելցի գիտնական, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն արժեւորել է Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող թեմաների շուրջ Յաիր Աուրոնի հետազոտությունները գիտակրթական եւ բարոյական տեսանկյուններից' ընդգծելով, որ պրոֆեսորի աշխատությունները լուրջ ներդրում են Մեծ եղեռնի ուսումնասիրության ու միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: