Պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կայունացրել է և պատրաստ է ցանկացած խնդիր իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքերով՝ Օհանյանը նշեց, որ աշխարհում առկա սպառազինության հիմնական մասն արտադրվել է երկրորդ աշխարհամարտից հետո: «Նախագահի ասածը կայանում էր նրանում, որ նույնիսկ 80-ականների զենքով այսօր հայկական ստորաբաժանումները պայքարել են, պայքարում են և կարողանում են իրենց առաջ դրված խնդիրները հերոսաբար լուծել: Դա չի նշանակում, որ այսօր այդ միջոցներից բացի մենք չունենք այլ առաջատար միջոցներ, որոնք հեռահար են, ճշգրիտ են ու ռազմավարական զսպման մեխանիզմի մեջ են»,- ասաց նախարարը:

 

 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ տարածաշրջանում սպառազինությունների համեմատական անցկացնելիս բացի ծավալից ու մի քանի միջոցների քանակական առավելությունից, կողմերի միջև էական տարբերություն չկա: «Մեր զինծառայողների հոգատար վերաբերմունքի շնորհիվ մեր ձեռքի տակ եղած ողջ սպառազինությունը, այդ պաշարը պատշաճ մակարդակի է և այդ օրերին ապահովել է և պաշտպանություն, և հակառակորդի ճշգրիտ խոցումը»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:

 

 

Անդրադառնալով այն հարցին, որ ահազանգեր կան թե վիրավոր զինվորի ծնողից անձնագիր են վերցրել բուժման դիմաց' Օհանյանը նշեց, որ այդ քայլին գնացած համապատասխան աշխատակիցը պետք է պատժվի: Նախարարը միաժամանակ շեշտեց, որ բանակի ռազմաբժշկական վարչությունն ընդհանուր առողջապահական համակարգի շրջանակներում ուղղակի հրաշքներ է գործել: