Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ապատեղեկատվությունը հայկական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձ կանխելու մասին:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխ անում: Հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականության Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը հայկական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցման փորձ կանխելու մասին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է: Չի եղել նման բան. իրենց իսկ հրահրած սադրանքների զոհերին ու վիրավորներին դեռ երկար են փորձելու «դուրս տալ», և ամեն մի զոհին ու վիրավորին «դուրս տալու» ժամանակ մի նոր չեղած հայկական դիվերսիա պիտի հորինեն»:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, իբր, ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայկական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձը Տերտեր-Ագդերե ուղղությամբ: Նշվում է նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանցի մեկ զինծառայող աջ ձեռքի թեթև վնասվածք է ստացել: