ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է դիվանագետին' Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելու կապակցությամբ:

 

 

«ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ կառավարության երկարամյա համագործակցության շնորհիվ մենք բազմաթիվ հաջողություններ ենք արձանագրել մի շարք ոլորտներում»,- ասել է Արմեն Մուրադյանը' առանձնահատուկ կարևորելով այն աշխատանքները, որոնք իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ:

 

 

Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի շրջանակում իրականացվել են բարեփոխումներ առողջության առաջնային օղակում, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում: Մշակվել և ներդրվել են բուժօգնության որակի բարելավման ու կառավարման մեխանիզմները:

 

 

Նախարարը առողջապահության բնագավառում կարևորել է նաև ամերիկահայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը, որն ընդգրկել է ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ, հատկապես վերջին տարիներին, համակարգի զարգացման ծրագրերը:

 

 

«Մեր երկու կառույցները համագործակցության երկարամյա փորձ ունեն, և աշխատանքը Առողջապահության նախարարության հետ մեզ համար օրինակելի է, մասնավորապես, այն ծրագրերի շրջանակում, որոնք իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ»,- ընդգծել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:

 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքի ստեղծման համար պիտանի տեխնոլոգիաների, պաթոգենների և փորձագիտության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին, որը ներառում է նաև առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներ:

 

 

Քննարկվել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության' կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս լաբորատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները: Համագործակցության շրջանակում համաճարակաբանների, վարակաբանների և լաբորատոր մասնագետների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք շարունակական են: Դասընթացներն իրականացվում են ամերիկյան մասնագետ ների կողմից' հայ մասնագետների մասնակցությամբ:

 

 

Ուշադրության կենտրոնում էին նաև համատեղ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել մի շարք ոլորտներում շարունակել երկկողմ համագործակցությունը:

 

 

Հայաստանի և ԱՄՆ-ի առողջապահության բնագավառում համագործակցությունն հիմնականում ընթանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության Պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

 

 

2012թ. հունվարին ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ միջև ստորագրվեց սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագիր, որն ուղղվեց Հայաստանի բնակչության համար շտապ բուժօգնության ծառայություններին աջակցելուն:

 

 

Համաձայնագրի շրջանակում բարելավվեց շտապ բուժօգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը, տեխնիկական փորձագիտական աջակցություն տրամադրվեց առողջապահության նախարարությանը' միջազգային չափանիշներին համապատասխան ռազմավարություն մշակելու համար, ինչպես նաև ցուցաբերվեց օժանդակություն աշխատակազմի շարո ւնակական մասնագիտական զարգացման գործում:

 

 

2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ն ստորագրեց ՀՀ կառավարության հետ 2010 թվականին կնքած օժանդակության համաձայնագրի թիվ 4 փոփոխությունը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առողջապահության բնագավառում իրականացնել գերակա ուղղություններում առողջապահական ծառայությունների որակի, հանրային առողջության հսկողության բարելավում: