Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս տարի կփոխհատուցի երկու և ավել երեխա ունեցող ևս 8 ուսանողների ուսման վարձերը: Այս մասին Հայաստամնի երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ընթացքում հայտնեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: «Մենք ծրագիրը սկսել ենք անցած տարի: Երբ սկսում էինք ծրագիրը, այդ ուսանողներն 9-ն էին, իսկ այս տարի ավելացել է ևս 8 ուսանող, ովքեր ունեն երկու և ավելի երեխա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ավագյանը:
Նրա խոսքով' երբ իրենք սկսում էին ծրագիրը, հույս ունեին, որ նման ուսանողների թիվն ավելանալու է, որովհետև ծրագիրն իրականացվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ուսանող են: «Այսինքն' ամբողջությամբ անվճար են սովորելու բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն երկու և ավելի երեխա: Այդ ամբողջ գումարներն իր վրա է վերցնելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, և երբեևէ չի լինելու մի սահման, որից հետո մենք չենք փոխհատուցելու այդ ուսանողների ուսման վարձերը»,- մանրամասնեց Ավագյանը:
Պատգամավորը վստահեցրեց, որ որքան մեծ լինի նման ուսանողների թիվը, այնքան իրենք ավելի խանդավառությամբ են իրականացնելու ծրագիրը: