Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 24-ին ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ այս ուսումնական տարվանից սկսած՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների ուսման վարձերի խնդիրն ուսումնառության ամբողջ ընթացքում լուծվելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։
«Այս ծրագիրը Հայաստանում երիտասարդ ընտանիքներին աջակցության քաղաքականության շրջանակներում է։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միշտ ուսանողների կողքին է, այն ուսանողների, ովքեր ունեն բարձր առաջադիմությ ուն, սոցիալական որոշակի խնդիրներ, երկու և ավելի երեխաներ։ Ծրագիրը շարունակական է, և հիմնադրամի ցանկությունն է, որպեսզի մեր երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին որևէ խոչընդոտ չունենան»:
Փոխհատուցում ստացած ուսանող-ծնողները սովորում են Հայկական պետական մանկավարժական, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Երևանի պետական համալսարաններում, Կոնսերվատորիայում։
Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։