Այս ուսումնական տարվանից սկսած՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ուսումնառության ընթացքում ամբողջությամբ կփոխհատուցի պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու եւ ավելի երեխա ունեցող երիտասարդ ծնողների ուսման վարձը։

 

Այդ մասին երիտասարդական հիմնադրամը հայտարարել էր 2014-ի սկզբին՝ երկու եւ ավելի զավակ ունեցող ուսանողների վերաբերյալ տվյալներ տրամադրելու խնդրանքով դիմելով նաեւ պետական բուհերի ռեկտորներին։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, այս ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսանողներից եւ բուհերից ստացել է 25 հայտ' երկու եւ ավելի երեխա ունեցող 4 հայր եւ 21 մայր, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր բուհեր։ Մասնավորապես, ուսանողներից յոթը Հայկական պետական մանկավարժական համալսարանից են, վեցը՝ Երեւանի պետական համալսարանից։

 

Կան նաեւ ուսանող-ծնողներ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից, ճարտարագիտական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից եւ այլն։

 

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ այս նախաձեռնությամբ երիտասարդական հիմնադրամը փորձում է սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ, նաեւ՝ ծնելիության աճին։

 

Կարեն Ավագյանը կոչ է անում երկու եւ ավելի զավակ ունեցող բոլոր ուսանողներին, ովքեր դուրս են մնացել հիմնադրամի տեսադաշտից, անպայման դիմել եւ ստանալ ուսման վարձի փոխհատուցում բակալավրիատի առկա համակարգում սովորելու ամբողջ ընթացքում։