«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով:
Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաեւ աշխատող ուսանողների ոգեւորությունը: Սակայն, ինչպես եւ երեւում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու: Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու: Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին: Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»։