Ազգային ժողովում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Քիչ առաջ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվեց մեր աշխատանքային քննարկումը. առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի՝ դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում օրենքը կընդունվի, և արդեն 2020-2021 ուսումնական տարվանից աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել»,- գրել է Հայրապետյանը:

 

Հունիսի 14-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: