ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում որոշում կայացրեց վերաբաշխում կատարել 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որը վերաբերում է վերջին պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը:
Այդ նպատակով 590,44 մլն դրամ վերաբաշխված գումարը նվիրաբերության պայմանագրերի հիման վրա կհատկացվի համապատասխան բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին:
«Արդեն իսկ փոխհատուցվել է ուսման վարձը պատերազմի մասնակից շահառուների համար ընդհանուր գումարը, որ արդեն վճարվել է 205 մլն դրամ է: Շահառուների թիվը 1373 է: Առաջարկվող որոշմամբ նախատեսվում է վճարել եւս 590 մլն դրամ: Շահառուների թիվը 2840 է: Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների մասով շահառուները: Բաշխումն այսպիսին է. մոտ 82 տոկոսը պետական բուհերն ու քոլեջներն են, 18-ը՝ ոչ պետական: Շահառուները ուսանողներն են, նրանց ծնողները եւ իհարկե, ամուսինները»,- նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մեր պոտենցիալ շահառուների թիվը 7 հազար է, այս պահին ծրագրից օգտվել է 1373 ուսանող: Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար, որպեսզի բոլոր շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»,- ասաց նա: