Յուրաքանչյուր տարի Մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: 1908թ. այս օրն ավելի քան 15 000 աշխատող կանայք դուրս եկան Նյու Յորքի փողոցները` բարձրաձայնելու տղամարդկանց համեմատ իրենց անհավասար աշխատանքային պայմանների մասին: Այդ իրադարձությունից 107 տարի անց, Հայաստանում կարելի է տեսնել մեքենա վարող, աշխատանքի շտապող, հաջողակ ու գործունյա կանանց, որոնցից շատերը, սակայն, հաճախ լռում են ընտանիքում իրենց նկատ մամբ ցուցաբերվող բռնության մասին:

 

Նմանատիպ խնդիրների ակունքները հասկանալու համար 2013թ. մայիսից ԵՊՀ-ում գործում է «Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն»-ը: «Արմենպրես»-ը հանդիպեց կենտրոնի ղեկավար Գոհար Շահնազարյանի հետ՝ ամփոփելու կենտրոնի առաջին երկու տարիների աշխատանքի արդյունքները:


-Ինչպե՞ս կգահատեք «Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն»-ի առաջին տարիների աշխատանքը:

 

- Երկու տարվա համար բավականին մեծ աշխատանք ենք կատարել, սակայն էլ ավելի շատ խոչընդոտների ենք հանդիպել: Իհարկե, ԵՊՀ-ն դեմ չէր իր պատերի ներսում նման կենտրոնի ստեղծմանը, սակայն չմոռանանք, որ այն ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում հստակ սահմանված են կենտրոնի անելիքները: Վերջինիս բաղադրիչ մասն են դրամաշնորհային թեմատիկ հոտազոտությունները. արդյունքում մենք իրականացրել ենք 28 հետազոտություն` սկսած սեռով պայմանավորված աբորտների պատճառների բացահայտումից մինչև ԶԼՄ-ներում և սերիալներում կանանց կողմից ներկայացվող կերպարների ուսումնասիրություն և այլն: Ներկա պահին կենտրոնը նախաձեռնել է «Գենդերային բարոմետրը Հայաստանում» պայմանական անուն ունեցող ուսումնասիրությունը, որը թույլ կտա վեր հանել կանանց և տղամարդկանց դերերի նկատմամբ պատկերացումները, շուտով կհրապարակենք մշակված տվյալները:


-Այս 28 հետազոտությունններն իրականացնելու ընթացքում հանդիպե՞լ եք Ձեզ համար անսպասելի արդյունքների կամ տվյալների:

 

-Հիմնականում ուսումնասիրություններից ստացված արդյունքները կենցաղային մակարդակի վրա շատերիս հայտնի են, սակայն այլ բան է այն տեսնել գիտական մակարդակի վրա: Օրինակ, սերիալներում կանանց կերպարները, որտեղ կնոջ դերը միշտ շեշտադրված երկրորդական է, նրանք որպես կանոն չեն աշխատում և զբաղված են միայն իրենց արտաքին տեսքով:

 

Սեռով պայմանավորված աբորտների պատճառներն ուսումնասիրելիս հետազոտողը պատճառներից մեկն ավելի շատ կապել էր ընտանիքում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ, այլ ոչ թե նրանով, որ մարդիկ այդքան շատ ուզում են տղա ունենալ:

 

Մենք նաև հետազոտություն ենք իրականացրել համալսարանի ներսում կնոջ դերի վերաբերյալ և ստացել ենք բավականին անսպասելի տվյալներ: Կարծում էինք, որ համալսարանի ուսանողների մոտ կյանքի նկատմամբ պատկերացումները պետք է մի փոքր այլ լինեն, սակայն այստեղ էլ գերակշռում էր կարծրատիպային մոտեցումը, ըստ որի, կինը առաջնահերթ պետք է նվիրի իրեն արտաքին տեսքի խնամքին, և հիմնական նպատակ լինի միմիայն ամուսնությունը և երեխա ունենալը, իսկ մնացած ասպեկտներն այդքան կարևոր չեն: Սակայն միաժամանակ տղաների վրա դրվում են շատ ավելի պարտավորություններ, և եթե կանանցից հիմնականում ակնկալվում է լինել խնամված կին և մայր, ապա տղաներից հասարակությունը սպասում է շատ ավելին. նրանք պետք է և լավ աշխատանք ունենան, և լավ տղա լինեն, և լավ որդի, լավ ամուսին, լավ ընկեր: Եվ տղամարդուն միանձնյա այդքան շատ պարտականությունների հանձնումը կնոջը նույնպես դնում է ճնշված դերում:


-Իսկ ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել:

 

-Դժվարությունները կապված են հասարակությունում «գենդեր» բառի նկատմամբ բացասական վերաբերմունքով, ինչի արդյունքում, «Գենդերային հետազոությունների կենտրոն» լսելիս մարդկանց մոտ առաջանում է որոշակի ագրեսիա և հաճախ շահարկվում է կարծիքը, թե սա USAID-ի ծրագիր է, իսկ ԱՄՆ-ն ցանկություն ունի քանդելու Հայաստանը: Եվ այդ կարծրատիպերի արդյունքում մենք հանդիպում ենք խոչընդոտների: Նույնիսկ համալսարանի որոշ ֆակուլտետի դեկանների կողմից ստացել ենք բացասական արձագանք: Սակայն մեր նպատակն է ուսումնասիրել երկրում առկա խնդիրները և բարձրաձայնել դրանք:


-Չե՞ք կարծում, որ գենդերային խնդիրների վերաբերյալ հասարակության որոշ շրջանների կողմից բացասական վերաբերմունքը կապված է ձեր գործունեության սխալ ներկայացումից:

 

-Իհարկե, հաճախ հեռուստատեսություն հրավիրում են գիտական ասպարեզից հեռու մարդկանց, ովքեր առանց գիտական հենքի սկսում են խոսել այս թեմայի շուրջ՝ ներկայացնելով զուտ իրենց կարծիքը: Արդյուքում, երբ սիրված հեռուստատեսային հաղորդմամբ մարդիկ տեսնում են մեկի, ով ասում է, թե գենդեր բառը անմիջականորեն կապ ունի համասեռամոլության հետ, և գենդերային թեմաներով ծրագրեր իրականացնողների նպատակն է խեղաթյուրել հայկական ընտանիքները, հայ ազգը, ժողովրդի մոտ առաջանում է պաշտպանական հակազդեցություն: Իսկ մենք ունենք խնդիր, որ մեր գիտական ձայնն այսօր չի լսվու մ:


-Սեպտեմբերից ձեր կենտրոնին կից կգործի մագիստրատուրա: Ովքե՞ր են լինելու ձեր շրջանավարտները և որտեղ են կիրառելու իրենց գիտելիքները:

 

-Նմանատիպ մասնագիտացումով մարդիկ պահանջված են Հայաստանում գործող միջազգային կառույցներում, հասարակական սեկտորում, Կառավարությանն առընթեր կառույցներում, որտեղ կատարվում է գենդերային խնդիրների լուծման հետ կապված աշխատանք: 


-Ի վերջո, ո՞րն է ձեր կենտրոնի հիմնական նպատակը:

 

-Մենք պետք է հասնենք նրան, որ եթե մարդը, անկախ իր սեռից, ցանկանում է լինել քաղաքականության մեջ, և եթե իրեն հաջողվում է դառնալ  կուսակցության առաջնորդ, ապա պետք չէ դրան ի պատասխան տեղադրել ամբիոնից դուրս երևացող նրա ոտքի լուսանկարը: Անկախ նրանից` նա կին է, թե տղամարդ, եթե նա առաջնորդ է և ցանկանում է առաջ շարժվել, պետք չէ խոչընդոտել նրան, եւ եթե կինը ուզում է լինել ընտանիքի մայր և կին, ապա նրան էլ պետք է տալ ընտրության հնարավորություն: